Թուրքիայում տեղի են ունենում իրադարձություններ, որ կարտացոլվեն երկրի նորագույն պատմության մեջ եթե ոչ գլխի, հաստատ էջի մակարդակով: Սկսվել է 2016-ի հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման ենթադրյալ մասնակիցների դատը: Մեղադրվում է 221 մարդ, նրանցից 50-ը գեներալիտետից են: Հեղաշրջման փորձին առնչության մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Թուրք իրավաբանները կարծում են, որ «հուլիսի 15-ի գործով դատավարությունները կասկածյալների այդքան մեծ թվով և այդքան տարբեր մեղադրանքներով նվազագույնը հինգ տարի կտևեն»: Այս դեպքում խոսք կարող է լինել միայն դատական առաջին փուլի մասին: Պարզ չէ՝ ստացե՞լ է ԵԱՀԿ-ն իր դիտորդների ներկայության թույլտվություն դատավարություններին, որպեսզի, ինչպես ասում էր ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Միխայել Գեորգ Լինկը, «պատկերացում ստանա իրավիճակի մասին և քննարկի թուրքական իշխանությունների ձեռնարկած միջոցները»: Անկարան կասեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողությունը, երկրում արտակարգ դրություն է հայտարարված:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայում անցյալ տարվա հուլիսի 15-ին: Ընդդիմադիր գլխավոր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն կարծում է, որ կատարվել է վերահսկվող «հեղաշրջում», մինչդեռ իրական հեղաշրջումը հուլիսի 20-ին էր, երբ Ազգային մեծ ժողովը թույլ տվեց կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը արտակարգ դրություն հայտարարել: Իշխանություններն ամեն ինչի համար մեղադրեցին ԱՄՆ-ում բնակվող հայտնի աստվածաբան Ֆեթուլլա Գյուլենին և նրա կողմնակիցներին: Զտման գործողության շրջանակներում աշխատանքից ազատվեցին կամ պետական ծառայությունից մեկուսացվեցին հարյուր հազարավոր մարդիկ: Ճիշտ է, այս ամբողջ սուր քաղաքական ինտրիգը դեռ ոչ ոք չի պարզել: Ակնհայտ են որոշակի տարօրինակություններ: Թուրքիայի զինվորականները արդեն հմտացել են նման գործողություններում: Հենց նրանք սկսեցին 1908-ի ապստամբությունը՝ պահանջելով սուլթանից վերադարձնել 1876-ի Սահմանադրությունը և խորհրդարան գումարել: Խորհրդարանը ընտրվեց և Աբդուլ Համիդ II-ը գահազրկվեց՝ թագը փոխանցելով խորհրդարանի ընտրած Մեհմեդ V սուլթանին: Հետո ռազմական հեղաշրջումներ եղան 1960-ին, 1971-ին և 1980-ականներին: Եվ բոլորը՝ հաջողված: Ինչո՞ւ այս անգամ ոչինչ չստացվեց, եթե, իհարկե, հուլիսի 15-ի իրադարձությունները համարենք պետական հեղաշրջման փորձ: Դա՝ առաջին: Երկրորդ՝ 2001-ին իշխանության գալուց հետո համարյա անմիջապես ԱԶԿ-ն սկսեց զինվորականների վրա գրոհը: Թուրքիայում դատավարություններ սկսվեցին «Էրգենեկոնի» և «Բալյոզի» գործերով՝ նախկին զինվորականների նկատմամբ, որ մեղադրվում էին կատարված ու չկատարված հեղաշրջումների մեջ: Այսօր հեղինակավոր թուրք փաստաբանները կարծում են, որ «ինչ-որ դավադրության գոյության ապացույցները չափազանց կասկածելի են», թեպետ ԶԼՄ-ների օգնությամբ իշխանություններին հաջողվեց քաղաքացիների քաղաքական գիտակցության մեջ ներդնել դավադրությունների տեսությունները: Եվ ահա հեղաշրջման նոր փորձ և նորից դատավարություն, բայց ոչ այնպիսին, ինչպես եղել է նախկինում: Իսկ մեղադրվող զինվորականները սկսեցին սենսացիոն ցուցմունքներ տալ, որ նոր հարցեր են ծնում: Բրիգադային գեներալ Ջախան հայտարարեց, որ հեղաշրջման նախապատրաստության մասին լավ հայտնի էր Գլխավոր շտաբին ու հետախուզությանը: Եվս մեկ կարևոր պահ՝ մինչև հեղաշրջումն Էրդողանը համարյա 6 օր չկար և ԶԼՄ-ներից ոչ ոք չգիտեր՝ ուր է նա: ՈՒ հենց նրան գտան, այդ օրն էլ հեղաշրջում եղավ՝ գրում է Sözcü-ն: Այդ հրապարակման համար թերթը հիմա խնդիրների մեջ է՝ ձերբակալված են մի քանի աշխատակիցներ, խմբագրությունում խուզարկություններ են եղել: Մեղադրյալ Լևենտ Տյուրկանը՝ Գլխավոր շտաբի պետի համհարզը, առաջին իսկ օրը խոստովանեց, որ ինքը գյուլենական է և կամավոր է դարձել խմբավորման անդամ, իսկ նրա լուսանկարը՝ դեմքի, ուսերի կապտուկներով, ձեռքը գիպսի մեջ ու կապկպված, տպագրեցին համարյա բոլոր ԶԼՄ-ները, նրա խոսքերի հիման վրա հեղաշրջման կազմակերպիչ հայտարարվեց Գյուլենը, դատարանում հայտարարեց, որ ցուցմունքները իրենից կորզել են կտտանքներով և իր խոսքերում ճշմարտություն չկար: Էրդողանի մեղրի կարասը ճանճ գցեց և Գերմանիայի դաշնային հետախուզության պետ Բրունո Կալը, որ Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարեց՝ չնայած մեղադրանքներին, Անկարան չի կարող համոզել, որ պետական հեղաշրջման ձախողված փորձի հետևում Գյուլենն է:
Նա նաև նշեց, որ «հեղաշրջումից հետո կատարվողը, գուցե ոչ այդքան խոր և այդպիսի արմատական քայլերով, բոլոր դեպքերում կատարվելու էր»: Հետաքրքիր են և բրիգադային գեներալ Գյոկխան Շահին Սյոնմեզատեշչի ցուցմունքները: Նա հայտարարեց, որ իրեն չի համարում «դավադիր», այլ ընդամենը կատարել է իրենից բարձր զինվորականների հրամանները: Բացի այդ՝ նա հավելել է, որ հեղաշրջումից մի քանի օր առաջ բրիգադային մեկ այլ գեներալ՝ Սեմիխ Թերզին իրեն ակնարկել է հեղաշրջման նախապատրաստման մասին: «Ամեն ինչ կատարվում էր ենթակայության հիմունքներով, սակայն հիմա մեր հրամանատարները հերքում են այդ փաստը: Նրանք են մտածել ռազմավարությունը, իսկ ես ընդամենը զինվոր եմ, ես հրամաններ եմ կատարում»՝ ասել է նա: Ի դեպ, Սյոնմեզատեշչը անդրադարձել է և ռուսական Սու-24-ը խփելուն, որի հետևանքով զոհվեց օդաչու Օլեգ Պեշկովը: Հարցին՝ ռուսական ինքնաթիռը խփել են գյուլենականնե՞րը, Սյոնմեզատեշչը պատասխանել է. «Ռուսական ինքնաթիռը գյուլենականները չեն խփել: Ռուսական ինքնաթիռը խփվել է ռազմաօդային ուժերի գեներալներից մեկի հրամանով: Ամբողջ գործընթացը 22 րոպե տևեց: Հրամանատարը, նրա անունը չեմ տա, հրամայեց և ինքնաթիռը խփեցին: Դա գաղտնիք չէ, յուրաքանչյուր գեներալ գիտի նրա անունը, դա բաց քննարկվել է»: Գլխավորն այն է, որ մեղադրյալների ցուցմունքները տիրաժավորում են Էրդողանին ենթակա ԶԼՄ-ները: Կամ դա գիտակցաբար անում է ինքը՝ նախագահը, կամ վկայում է, որ նա կորցնում է իրավիճակի վերահսկողությունը, իսկ նրա կողմնակիցների ճամբարում, որտեղ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում թույլ տալ զինվորականների հերթական քաղաքական հալածանք, սկսվել են տարաձայնությունները:
Դեռ բոլորովին վերջերս հեղաշրջման փորձի մասնակիցների հարցաքննությունների համար պատասխանատու դատախազները ոչ միայն չէին հրապարակում ձերբակալվածների անունները, այլև անհրաժեշտ տեղեկություններ չէին տալիս փաստաբաններին: Ի՞նչ կլինի հետո: Երկու տարբերակ կա: Կամ Էրդողանը կսկսի ավելի խստացնել ճնշումները, կամ նրա իշխանական ռեսուրսը բազում պատճառներով սկսում է թուլանալ: Կարծիք կա, որ Թուրքիան լուրջ ներքաղաքական ցնցումների շեմին է: Սպասենք՝ տեսնենք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Երրորդ տարբերակն էլ կա՝ Էրդողանը հրապարակայնության և մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության պատրանք է ստեղծում: Որ պետական հեղաշրջման փորձը Էրդողանի թեթև ձեռքով էր կազմակերպված և նպատակ ուներ Սահմանադրության փոփոխությունն արագացնել ու հեշտացնել, տասնյակ հիմնավորումներ կան: Ապացույցն էլ Սահմանադրության հանրաքվեն է և Թուրքիայի անցումը նախագահական կառավարման՝ Էրդողանի կատարմամբ: Թեպետ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնում նախագահական նոր ընտրություններից հետո, բայց ո՞վ է հիշում, որ այսօր դեռ Թուրքիայում պետության ղեկավարը վարչապետ Բինալի Յիլդիրիմն է: Բանակի դեմ պայքարում Էրդողանի «ամենալուրջ» հիմնավորումն այն է, որ թուրք գեներալիտետը ընկել էր ԱՄՆ-ի ազդեցության տակ և սկսել էր սպասարկել ԱՄՆ-ի շահերը: Սա մեղադրանք է, որ չի բարձրաձայնվի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ ՆԱՏՕ-ում գլխավոր խոսքը ԱՄՆ-ինն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ